Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը քննարկումներ կանցկացնի և կորոշի` արդյոք նպատակահարմար է մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի հաջորդ նստաշրջանին: Այն անցկացվելու է Ադրբեջանում 2013-ի դեկտեմբերին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, միջգերատեսչական քննարկումները կօգնեն հասկանալու, որքանով է նպատակահարմար մասնակցել նստաշրջանին, ինչքանով է Հայաստանը պատրաստ, ինչ նյութ է առաջարկում. այս ամենիի համար անհրաժեշտ է պրագմատիկ կերպով կշռադատել կարողությունները, հնարավորությունները և ցանկությունները: «Սակայն մինչ մասնակցության մասին որոշում կայացնելը, մենք արդեն ուղարկել ենք նամակներ բոլոր այն տեղական կազմակերպություններին, որոնք զբաղվում են ոչ նյութական մշակութային ժառանգությամբ` Երևանի պետական համալսարան, Կոնսերվատորիա, Հնագիտության ինստիտուտ և այլն: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկությունների»,- նշել է Հասմիկ Պողոսյանը` կարևորելով քննարկումներին Արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
Մշակույթի նախարարը նշում է, որ թեև նմանատիպ գործընթացը Հայաստանի համար նոր է, բայց մենք այն եզակի պետություններից ենք, որ հասցրել է հսկայական գործ անել: «Հայաստանի պես օրենսդրական դաշտ` ոչ նյութական մշակութային ժառանգության մասով, որևէ երկիր չունի: Դրա մասին այլ երկրների ներկայացուցիչներն են փաստում»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: Նախարարը նաև կարևորեց անընդհատ խոսելու, վիճելու, ընդդիմախոսին համոզելու և ոչ թե նեղացած դիրք ընդունելու անհրաժեշտությունը: «Մենք պետք է աշխարհին, հարևաններին ներշնչենք, որ սա է մեր ճշմարտությունը: Իսկ այս հարցում կա յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»,- ասել է նա:
Հայկական մշակույթի մասին շատերը գիտեն, աջակից շատ երկրներ կան, միայն թե անհրաժեշտ է գործել համակարգված, զգույշ լինել, որպեսզի սխալներ չլինեն: «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012թ-ին ընդգրկվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Դա կերաշխավորի հայկական մշակութային արժեքների ճանաչումն ու դրանց հանդեպ հարգանքը, կնպաստի, որպես ազգային փոքրամասնություն, սփյուռքահայ համայնքների արժանապատվության բարձրացմանը, համայնքների միջև փոխադարձ հարգանքի ձևավորմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կխրախուսի հանդուրժողականությունը, միջմշակութային երկխոսությունը և միջազգային համագործակցությունը: Սա հայ ժողովրդի Ոչ նյութական մշակութային ժառանգության արդեն 3-րդ տարրն է, որ իր արժանի տեղն է գտնում այդ հեղինակավոր ցանկում: Այժմ «Դուդուկն ու իր երաժշտությունը»», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը»» արժեքներից բացի, հայ ժողովուրդը համաշխարհային հանրությանը կներկայանա նաև իր ավելի քան հազարամյա պատմություն ունեցող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսով:





































