ՀՀ-ն մերձավորարևելյան զարգացումներում պետք է շարունակի չեզոք դիրք գրավել.այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Բեյրութի Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Սեպուհ Կալպակյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 26-27-ը Լիբանան կատարելիք պաշտոնական այցին և դրա նպատակներին:
Լիբանանի խորհրդարանի պատգամավորի կարծիքով`այցը որևէ առնչություն չունի տարածաշրջանային արաբական խնդիրների հետ. այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը շատ ավելի վաղ էր ձեռք բերվել՝ Լիբանանի նախագահի` Հայաստան կատարած այցից հետո: Ուստի, հայ պատգամավորի համոզմամբ, կքննարկվեն ընթացիկ հարցեր:
Նրա խոսքով`այնուամենայնիվ, եթե ՀՀ նախագահը Լիբանան է գալիս` իրականացնելու տարածաշրջանային ինչ-որ նախաձեռնություններ, ապա դրա մասին որևէ հստակ բան ասել հնարավոր չէ, որովհետև դեռևսանհայտ է: «Լիբանանը ևս, ինչպես Հայաստանը, սիրիական զարգացումներում չեզոք դիրք է գրավում:Մեր ցանկությունն այն է, որ Հայաստանը ևս չխորանա այս հարցերում և մնա դիտորդի դերում: Հատկապես սիրիական խնդրում Հայաստանը պետք է դիրքորոշում չարտահայտի` ոչ վարչակարգի դեմ, ոչ վարչակարգի կողմ, որովհետև մեզ այնտեղ հետաքրքրում է մեր հայության անվտանգության հարցը: Կարծում եմ, որ սիրիական հարցը շատ խրթին է,և մենք կարիք չունենք այդ հարցերում խորանալու»,- մեկնաբանեց Սեպուհ Կալպակյանը:
Նա նշեց, որ հնարավոր է` խնդիր առաջանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լիբանան կատարած այցելության ժամանակ: «Բանն այն է, որ Լիբանանի խորհրդարանը բաժանված է երկու ուժերի միջև՝ «Մարտի 8-յան» և «Մարտի 14»-յան խմբակցությունների: Լիբանանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո «Մարտի 14»-յան ուժը ներկայացնող պատգամավորները, այդ թվում` նաև ես, բոյկոտում ենք ԱԺ նիստերը, որոնց Լիբանանի կառավարությունն իր մասնակցությունն է ունենում: Հայ պատգամավորներից երկուսը «Մարտի 8-յան» ուժի ներկայացուցիչներ են, իսկ չորսը՝ «Մարտի 14»-յան խմբակցության անդամներ, ներառյալ` ես:Հետևաբար, եթենախագահն այցելի խորհրդարան, մենք դժվարություն կունենանք այնտեղ լինելու:
Որպես հայ պատգամավորներ`կփորձենք ինչ-որ կերպ ներկա լինել, բայց եթե ներկա չգտնվենք, դա ուղղված չի լինի Սերժ Սարգսյանի այցելության դեմ, պարզապես մեր լիբանանյան քաղաքական դիրքորոշումն է, որ ստիպում է մեզ այդ օրը ներկա չլինել խորհրդարանում ևլսել Սերժ Սարգսյանի ուղերձը»,- պարզաբանեց Սեպուհ Կալպակյանը:










































