Գյումրու «Ֆոտոն» վարժարանում բացվել է ինովացիոն տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած դասարան՝ Samsung Electronics ընկերության ֆինանսավորմամբ:
Միջոցառմանը մասնակցել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծել է, որ հանրապետությունում մինչ այժմ այդպիսի հնարավորություններով հագեցած դասարան կամ լսարան չկար. «Ծրագիրը կլինի շարունակական, հաջորդը այսպիսի լսարան կունենա ԵՊՀ-ն, գինը չգիտեմ, նվեր է՝ գեղեցիկ չէ հարցնելը, բայց շատ թանկ հաճույք է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նորագույն տեխնոլոգիաները կիրառելով կրթության մեջ՝ ՏՏ ոլորտն առավել կզարգանա:
Ինչպես պարզաբանեցին վարժարանում, ինովացիոն տեխնոլոգիաներով դասարանը արժեցել է մոտ 40 հազար դոլար: Դասարանը նախատեսված է 15 աշակերտի համար:
Ըստ Արմեն Աշոտյանի՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե պետական բյուջեի գումարներով հնարավոր կլինի՞ նման սարքավորումներ գնել. «Գնել՝ չէ, բայց նվերը հաճույքով կընդունենք: Բազմաթիվ ծրագրեր ունենալով հանդերձ՝ շատ ենք կարևորում մեր երեխաների մոտ գերժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների կիրառումը կրթական պրոցեսում: Ինչպես տեսաք, նման դասարանում կարող ենք անհատական մոտեցումից սկսած՝ վերջացրած ինտերակտիվ խաղերով, վարժություններով, խթանել և հետևել աշակերտների առաջադիմությանը»,-ընդգծել է նախարարը:
Արմեն Աշոտյանը շրջել է վարժարանում, խոսել աշակերտների, ուսուցիչների հետ:
Այս տարի վարժարանը 100-ից ավելի շրջանավարտ ունի, աշակերտներից շատերը մասնակցել են միջազգային օլիմպիադաների: Վարժարանում բացվել է նաև նոր մարզադահլիճ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































