Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է սկսի երկխոսել սեփական ժողովրդի հետ.
«Մեր արտաքին քաղաքականության հիմքում ընկած է «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» սկզբունքը: Մեր ազգային պաշտպանությունը նույնպես կառուցված է դրա հիման վրա: Առաջին հերթին մենք խաղաղություն ենք ցանկանում ամենուրեք: Որպես Սիրիայի ժողովրդի բարեկամ՝ մենք նույնպես կողմ ենք երկխոսության հաստատմանը, առաջին հերթին՝ ժողովրդի հետ:
Սեփական ժողովրդի դեմ պայքարողը չի կարող խաղաղություն ապահովել իր երկրում: Մեր հիմնական ցանկությունը Սիրիայում խաղաղության հաստատումն է: Սիրիայի ղեկավարությունը պետք է առաջին հերթին երկխոսության մեջ մտնի իր ժողովրդի հետ»: