ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հնարավորինս արագ Աֆղանստան լրացուցիչ հրահանգիչների խմբեր ուղարկել՝ Աֆղանստանի անվտանգության ուժերին պատրաստելու համար:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այսօր ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Պանետտան նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամները պարտավորվել են Աֆղանստան ուղարկել հրահանգիչների 58 խումբ, սակայն այդ պարտավորությունները մեծ հաշվով չեն իրականացվել:
Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը կոչ է արել արդյունավետ միջոցներ ձեռնարկել թալիբների կողմնակիցներին Աֆղանստանի անվտանգության ուժերի մեջ ներգրավելու դեմ, ինչը հանգեցնում է ՆԱՏՕ-ի անվտանգության ուժերի վրա հարձակումների: Այս տարի այդպիսի հարձակումների զոհ է դարձել 52 մարդ: