Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի առաջնային խնդիրներից մեկը համարվում է Երևան քաղաքի ազգաբնակչության, նաև այլ տարածաշրջանների` Երևանում սովորող և աշխատող քաղաքացիների համար անվճար արագ և մատչելի գրադարանային տեղեկատվություն տրամադրելը և այդ նպատակով մինչև տարեվերջ ծրագրել է ստեղծել Երևան քաղաքի տարբեր մասերում գործող գրադարանների միասնական էլեկտրոնային ավտոմատացված ցանց` ֆոնդերի միասնական օգտագործման համակարգով:
Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Հասմիկ Կարապետյանը նշել է, որ նշյալ ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով գրադարանը դիմել է տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների: Սակայն Ավ.Իսահակյանի անվան ԿԳ-ին օգնության ձեռք է մեկնել միայն «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, հայտնի կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում իր բարեգործական նախաձեռնություններով: Հիմնադրամը իսահակյանցիների մասնագիտական տոնի՝ «Գրադարանավարի օրվա» /հոկտեմբերի 7/ կապակցությամբ գրադարանին է նվիրաբերել 25 միավոր նորագույն համակարգչային տեխնիկա`վերոհիշյալ ծրագրի իրականացման նպատակով:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը շեշտել է, որ ընթերցողների սպասարկման, ինչպես նաև ֆոնդերի օգտագործման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը չափազանց կարևոր խնդիր է, ուստի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի խնդրանքը՝ այդ նպատակով տրամադրել 20-25 համակարգիչ, Կարապետյանների ընտանիքի կողմից երկար չի քննարկվել: Ա. Ճաղարյանը նաև նշել է, որ այս նախաձեռնությունը ևս «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գործունեության հավատամքի շրջանակներում է, այն է՝ աջակցել թե կոնկրետ գրադարանին, թե ընթերցողներին, թե պետությանը:









































