Մայրական կաթով սնված երեխաները 7 անգամ ավելի քիչ են հիվանդանում թոքաբորբով և 20 անգամ ավելի քիչ փորլուծությամբ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:
«Կաթով սնվելու դեպքում 10 տոկոսով կրճատվում է մանկական մահացությունը: 2005թ. մենք անցկացրել ենք հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ մահացած երեխաները մեկ ամսից ավելի քիչ են մայրական կաթով սնվել»,- նշեց Կարինե Սարիբեկյանը:
Սակայն լինում են դեպքեր, երբ կրծքով կերակրելը արգելվում է մայրերին, եթե նրանք ունեն վտանգավոր հիվանդություն, մասնավորապես` ՄԻԱՎ և կրծքի քաղցկեղ: Այդ կանանց թիվը, Կարինե Սարիբեկյանի հաղորդմամբ, Հայաստանում 5 տոկոս է, իսկ մայրական կաթից զրկված երեխաները 70-ն են: Այս երեխաներին պետությունը իր միջոցներով ապահովում է հատուկ սննդով:








































