ՏԻՄ ընտրություններն այսքան կուսակցականացնելն անթույլատրելիէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրությունների կարևորության մասին:
Բանախոսի համոզմամբ՝ ՏԻՄ ընտրությունները յուրաքանչյուր պետության համար իշխանության իրացման ամենակարևորագույն օղակն են: Նա նկատեց, որ այս ոլորտում ունենք տասնհինգ տարվա փորձառություն, բայց չենք կարող ասել, թե այն կայացած է: «Ակնհայտ է, որ համայնքապետերն իրականում հաճախ մեծ կախվածության մեջ են նշանակովի մարզպետարաններից: Հաճախ հանկարծակի պարզվում է, որ պետության գործառույթներն իրենց վրա են վերցնում բարեկամներ, հեղինակություններ, որոնք որևէ առնչություն չունեն համայնքային կառավարման հետ: Ցավոք, ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ՏԻ մարմիններում հաճախ մարդու աշխատանքը ոչ թե գնահատվում է օրենսդրությամբ նրա վրա դրված գործառույթների կատարման որակով, այլ նրանով, թե որքան ձայն է բերում իր կուսակցությանը»,- մեկնաբանեց Աղվան Վարդանյանը:
Խոսելով Թալինի ընտրություններից՝ նա ասաց, որ այն, ինչ կատարվեց Թալինի ընտրություններում, պետք է ահազանգ լիներ, բայց չեղավ: Նրա խոսքերով՝ դա խայտառակություն էր, քանի որ Թալինի ընտրությունները շատ ավելի վատ անցան, քան ԱԺ ընտրությունները. այստեղ երկու կողմերը կռվեցին, ընտրակաշառքը հասավ 25 հազար դրամի, ամբողջ պետական համակարգն աշխատեց: «Ունենք Գյումրու, Ալավերդու իրականությունը, որտեղ ամեն մեկը որոշում է՝ ով պետք է նայի քաղաքը:
Ունենք նաև Կապանի իրականությունը, որտեղ առաջին անգամ գործող համայնքապետը հրապարակային խոսել է մթնոլորտի, ճնշումների, թշնամանքի հրահրման մասին, որը հաղորդում է հանցագործության մասին: Հիմա մենք ունենք մեկ թեկնածու՝ Աշոտ Կարապետյանը, այս մարդը ընտրությունների ֆարսով դառնալու է քաղաքապետ»,- հիշեցրեց բանախոսը՝ շարունակելով, որ ՏԻՄ ընտրություններն այսքան կուսակցականացնելն անթույլատրելի է:











































