Փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Հայ միասնության խաչ» կազմակերպության ներկայացուցիչներին:
«Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է քրիստոնեական արժեքների տարածմանը, մանուկների հոգևոր դաստիարակությանը, նրանց շնորհների զարգացմանը տարբեր ոլորտներում, ինչպես նաև հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների խնամքին և հասարակության մեջ ինտեգրմանը:
Կազմակերպության առաքելության իրագործմանը աջակցում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` քաջալերելով ազօգուտ աշխատանքը և տրամադրելով գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ շենքային պայմաններ:
Հանդիպման ընթացքում կազմակերպության տնօրեն Գրիգոր Բաբախանյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը «Հայ միասնության խաչ»-ին ցուցաբերվող ուշադրության համար, ապա ներկայացրեց վերջին շրջանի ձեռքբերումները` հայցելով Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը:
Նորին Սրբությանը ողջունեցին նաեւ մանուկները, ներկայացրին իրենց խմբակների գործունեությունը, հանդես եկան հոգևոր երգերի կատարումներով, այնուհետև Գարեգին Բ հայրապետին ընծայեցին իրենց ձեռքով պատրաստված անվանական մի գորգ:
Վերջում կազմակերպության ղեկավարությանը և մանուկներին հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ տարեցտարի ընդլայնվում է կազմակերպության գործունեությունը, և նորանոր մանուկներ են ընդգրկվում խմբակներում, կոչ արեց ավելի սերտ համագործակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էջմիածնի Հայորդյաց տան հետ:
«Շատ կարևոր է, որ ճիշտ դաստիարակություն և արժեքներ տանք մեր մանուկներին, որպեսզի կյանքում կրողը լինեն ճշմարիտ այդ արժեքների և լինեն հավատարիմ զավակներ մեր ազգի ու արժանավոր քաղաքացիներ մեր Հայրենիքի»,- նշեց Վեհափառ հայրապետը` հորդորելով աշխատակազմին ամբողջական նվիրումով և սիրով շարունակել իրենց առաքելությունը:








































