Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրանի խորհրդարանում տեղի է ունեցել «Տնտեսական դիմակայություն» խորագրով հատուկ խորհրդակցություն, որին մասնակցել են նախագահական աշխատակազմի ու դատական համակարգի ներկայացուցիչները:
Այդ քննարկումը տևել է 5 ժամ, որում դիտարկվել են աղքատության դեմ պայքարի միջոցները, սննդամթերքի գների աճը, արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ առկա իրավիճակը: Նիստից հետո խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ պայքարի հատուկ շտաբի ստեղծման մասին:
Շտաբում ընդգրկվել են մի շարք պատգամավորներ, նախագահական աշխատակազմի ու դատական համակարգի ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 9 մարդ: Լարիջանին հավելել է, որ Իրանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով երկրի տնտեսությունը կարիք ունի հատուկ միջոցների՝ ընդգծելով, որ «տնտեսական դիմակայության» նպատակը գների աճը կանգնեցնելն է և ապրանքների դեֆիցիտի նվազեցումը:
Նշվում է, որ սա Իրանում անցկացված առաջին «տնտեսական դիմակայության» կոնֆերանսը չէ: Նախորդ դեպքում այն Թեհրանում անցկացվել է մայիսի 17-ին:











































