Աշխարհի խոշորագույն առևտրային ցանցի՝ ամերիկյան Wal-Mart-ի դեմ ԱՄՆ-ում հաշմանդամների իրավունքների պաշտպանները դատական հայց են ներկայացրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հայցվորները, որոնց թվում են Center for Independent Living Inc կազմակերպությունը և Կալիֆոռնիայի մի քանի հաշմանդամ բնակիչներ, դժգոհում են, որ Wal-Mart-ի խանութներում հաշմանդամի սայլակին գամվածների համար դրամարկղին մոտենալը բավականին դժվար է: Հայցի գումարի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հայցվորները հայտնել են, որ Wal-Mart-ի առևտրային ավելի քան 200 կետերում դրամարկղային տերմինալները գտնվում են բարձրության վրա, ինչը դժվարություններ է առաջացնում հաշմանդամների համար: Բացի այդ, ինչպես հաստատում են նրանք, ցանցը հրաժարվում է դրանք փոխարինել ավելի ժամանակակիցներով:
Հայցի վերաբերյալ ընկերությունը մեկնաբանություն չի տվել: Wal-Mart-ի ներկայացուցիչ Էշլի Հարդին նշել է, որ ընկերությունը ձգտում է իր հաճախորդներին, նաև` հաշմանդամներին, ապահովել գնումների հարմարավետությամբ` համապատասխան գործող օրենսդրության:
Wal-Mart խանութների ցանցը հիմնադրվել է 1961 թվականին՝ Սեմ Ուոլթոնի կողմից: Ներկայում Ուոլթոնի ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի գրեթե կեսը: Ցանցն աշխարհում միավորում է 9000 խանութներ:









































