Լուրերը, թե Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը հրաժարական է ներկայացրել, իրականությանը չեն համապատասխանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Գագիկ Թամազյանը՝ հավելելով, որ շարունակելու է պաշտոնավարել մինչև ՏԻՄ ընտրություններ՝ այսինքն՝ մինչև սեպտեմբեր:
«Ուղղակի որոշել եմ այլևս չառաջադրվել, 66 տարեկան մարդ եմ, առողջությունս չի ներում, որոշել եմ՝ մի քիչ էլ ինձ համար ապրել: Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Մինչև սեպտեմբեր պաշտոնավարելու եմ, մինչև քաղաքը հանձնեմ նոր քաղաքապետին: Ես անցած տարվա նոյեմբերից ՀՀԿ անդամ եմ, և կուսակցությունն ում որ Աշտարակի քաղաքապետի պաշտոնում առաջադրի (իսկ ես վստահ եմ, որ արժանի մարդու կառաջադրի) նրան էլ կսատարեմ, թիկունքին կկանգնեմ: Բա ուրիշ ո՞ւմ պաշտպանեմ: Այս էլ ասեմ՝ իմացեք. եթե անարժանի մարդ չեղավ, չեմ պաշտպանի, թող գնա, իր համար ֆռֆռա»,- կատակով հավելեց նա:
Գագիկ Թամազյանը հայտնեց նաև, որ չառաջադրվելու մասին հայտարարությունն արել է այսօր: «Աշխատողներիս հավաքել եմ, ասել եմ, որ թեկնածությունս չեմ դնելու: Ասել եմ՝ ընտրություններին երկու ամիս ժամանակ է մնացել, որոշել եմ չառաջադրվել: Իսկ Հանրապետական կուսակցությունում իմ այս որոշման մասին վաղուց գիտեն»:
Հարցին՝ ինչո՞վ է մտադիր զբաղվել սեպտեմբերից հետո, Գագիկ Թամազյանը կատակով պատասխանեց՝ նարդի խաղալով: «Իսկ եթե լուրջ, ես շինարար եմ: Հնարավոր է՝ մնամ այստեղ, հնարավոր է՝ գործերով մեկնեմ Մոսկվա»,- նշեց նա:
Նշենք՝ yerkir.am կայքը տեղեկություն էր տարածել, որ այսօր առավոտյան քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը:
Բացի այդ, լրատվամիջոցը նշել էր, որ նա անկուսակցական է:






































