Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով`ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր կանխատեսումների մեծ մասն իրականացել է, այնպես որ` Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանի` իր կանխատեսումների ճշմարտացիությանը վերաբերող քննադատություններն ուղղակի անհեթեթություն են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգը:
«Մարդը լրիվ տգետ պետք է լինի, որ սոցիոլոգիական կանխատեսումները նույնացնի թվաբանության հետ: Ես իմ կանխատեսումներով սխալվել եմ ընդամնեը 5 տոկոսով: Քննադատությունից խուսափելու համար կարող էի ուղղակի ասել, որ Բակո Սահակյանը կհաղթի և վերջ, սակայն, ինչպես հիշում եք, նաև նշեցի նրա հավաքելիք ձայների մոտավոր քանակը: Ես նաև ասացի, որ ընտրությունները կկայանան մեկ փուլով, և այդպես էլ եղավ»,- նկատեց Ադիբեկյանը:
Սոցիոլոգը չբացառեց, որ ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո Արցախի հասարակությունը տրոհման առջև կկանգնի, սակայն ամեն ինչ ցույց կտա ժամանակը: «Կտեսնենք` պատրա՞ստ է ղարաբաղցին գաղափարական հենքի վրա գնալ երկփեղկվածության, թե՞ կմնա առաջվա նման միահամուռ»,- ասաց նա:
Ամփոփելով` սոցիոլոգը ընդգծեց, որ ինքը Վիտալի Բալասանյանի սև PR-ով երբևէ չի զբաղվել` միաժամանակ կասկած հայտնելով, թե նրան քվե տված արցախցիների 1/3-ը գիտակցաբար է գնացել այդ քայլին:
«Մարդիկ հնարավոր է` նրան ձայն են տվել Բակո Սահակյանին հակակրելու պատճառով կամ ուղղակի 3-րդ` ավելի հարմար թեկնածու չունենալուց դրդված»,- ասաց Ադիբեկյանը:







































