Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը փետրվարի 4-ին հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ից Թորգոմ արք. Մանուկյան պատրիարքը հիվանդանոցում է ծանր թոքատապի և ուղեղային կաթվածի հետևանքով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից Արիս սրբազան Շիրվանյանն ասաց, որ պատրիարքի առողջությունը կայուն է: «Իհարկե, անկարող է շարժվել և խոսել: Վերջին ամիսներին նրա առողջական վիճակում փոփոխություն չկա»,- հստակեցրեց սրբազան Շիրվանյանը: Նշենք նաև, որ 93-ամյա Թորգոմ արք. Մանուկյան պատրիարքը նաև «Փարքինսոն» հիվանդությամբ է տառապում:
Տեղեկացնենք, որ հունվարի 30-ին տնօրեն ժողովի որոշմամբ պատրիարքական փոխանորդի պարտավորությունները կատարում է Նուրհան արք. Մանուկյանը, ով վարում է նաև պատրիարքարանի առօրյա գործերը: Սրբազան Շիրվանյանը ավելի վաղ ասել էր, որ պատրիարքի վախճանից հետո Սրբոց Յակոբեանց միաբանության ուխտի կանոնադրության համաձայն` միաբանական առանձին ժողով կգումարվի նոր տեղապահ կամ տեղակալ ընտրելու համար:










































