ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամեդ Հըզային իր ելույթի ընթացքում մեղադրել է Իսրայելին: Նրա խոսքերով` հենց Թել Ավիվն է Բուլղարիայում ահաբեկչություն կազմակերպել իր քաղաքացիների դեմ:
«Սիոնիստական քրեական ռեժիմի ներկայացուցիչները իմ երկրի դեմ անհիմն մեղադրանքներ են ներկայացրել: Իրանը երբեք չի մասնակցի անմեղ մարդկանց դեմ նման ստոր հարձակմանը»,- ընդգծել է Իրանի դեսպանը:
Նշենք, որ պայթյունից մի քանի ժամ անց Իսրայելի վարչապետը հայտարարություն էր տարածել, որում ահաբեկչության պատասխանատու էր համարում Իրանին և «Հըզբոլլահ» կազմակերպությանը:
Իսրայելի դեմ մեղադրանքները արդեն ժխտել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Հայիմ Վակսմանը: «Նման մեկնաբանությունները սարսափելի են, բայց ինչ է պետք սպասել մի երկրից, որը 9/11 ահաբեկչությունը կապում է դավադրության հետ և չի ճանաչում Հոլոքոստը»,- հայտարարել է նա: