ԵՄ-ն մերժել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդորու Լիբերմանին` «Հզբոլլահը» ահաբեկչական կազմակերպությունների մեջ ներառելու հարցում, որոշումը բացատրելով նրանով, որ դրա համար անհրաժեշտ է միության 27-անդամների համաձայնությունը:
«Եկել է ժամանակը`«Հզբոլլահը» ներառելու Եվրոպայի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Դա ճիշտ ազդանշան կլինի միջազգային հանրությանը և Իսրայելի բնակչությանը»,-հայտարարել է Լիբերմանը, Կիպրոսի ԱԳ նախարար Կոզակու-Մարկուլլիսի հետ հանդիպման ժամանակ, ով ԵՄ նախագահողն է: Իսրայելական նախարարի առաջարկին Կոզակու-Մարկուլլիսը պատասխանել է, որ ներկա պահին «Հզբոլլահը» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու կոնսենսուս չկա»:
Խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու համար անհրաժեշտ է միության բոլոր 27 անդամների միաձայն որոշումը, հաղորդում է MIGnews.com-ը:
Կոզակու-Մարկուլլիսը հստակեցրել է, որ շատերը «Հզբոլլահը» դիտարկում են ոչ միայն որպես զինված խմբավորում, այլ նաև որպես քաղաքական կուսակցություն, որը լիբանանյան քաղաքականության մեջ զգալի դեր է խաղացել:
Միաժամանակ եթե ապացուցվի, որ «Հզբոլլահը» մասնակից է եղել Բուրգասում տեղի ունեցած ահաբեկչությանը, ապա ԵՄ-ն կարող է փոխել իր վերաբերմունքը լիբանանյան ահաբեկիչների հանդեպ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ օրը Բուրգասի միջազգային օդանավակայանում պայթել էր իսրայելցի զբոսաշրջիկներով լի ավտոբուսը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն «Հզբոլլահին» մեղադրել է ավտոբուսը պայթեցնելու մեջ:









































