Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) մի շարք խնդիրների շուրջ հարցախույզ է անցկացրել Վրաստանում, որին մասնակցել է 1500 մարդ:
Հարցախույզի արդյունքները վկայել են, որ մասնակիցների 73 տոկոսն աջակցում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործունեությանը, որով նա առաջատար դիրք է զբաղեցրել երկրի քաղաքական առաջնորդների շրջանում: Չնայած դրան՝ Սաակաշվիլին, երկրի օրենսդրության համաձայն, իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրել 2013 թվականին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում:
Հարցախույզի մասնակիցների 37 տոկոսը նշել է, որ այդ ընտրութուններում իր քվեն կտա իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը, իսկ ահա ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի օգտին պատրաստ է քվեարկել 24 տոկոսը: Քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Գեորգի Տարգամաձեն էլ ստացել է 7 տոկոս: 21 տոկոսը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում:
Ինչ վերաբերում է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ապա մասնակիցների 43 տոկոսը պատրաստ է քվեարկել իշխող կուսակցության օգտին, 24 տոկոսը՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիային:











































