Աշխատանքային այցով այսօր Գյումրի էր ժամանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռյաբեցը: Վերջինիս գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մասնակցել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի 80-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հատկանշական է, որ միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի գրեթե բոլոր ՀՀԿ-ականները: Մինչ հյուրերը շրջում էին քոլեջով, ժամանեց Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը: Իսկ որպեսզի վերջինիս ներկայությունը բոլորի համար տեսանելի լինի, մարզպետարանի աշխատակիցը բարձր ասաց. «Սարգսյան, մի քիչ ուշադիր եղիր»: Քոլեջում էր նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորանշանակ ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը:
Տոնական միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել էին նաև քոլեջի նախկին շրջանավարտները: Նրանցից մեկը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում իր դժգոհությունն արտահայտեց. «Զանգել ասել են, որ անպայման գամ, ինչ է՝ գլխաքանակ կապահովեն»:
Տոնական միջոցառման ընթացքում նախ բոցաշունչ ելույթով հանդես եկավ տեխնիկական քոլեջի տնօրեն Մխիթար Սարգսյանը: Նրա հայերեն լեզվով ելույթը սակայն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռյաբեցի համար անհասկանալի էր: Վերջինս առաջարկեց քոլեջի տնօրենին ելույթ ունենալ ռուսերեն լեզվով: Մխիթար Սարգսյանը, որը ՀՀԿ անդամ է, նախ մի լավ «կարմրեց», ապա խնդրեց. «Լավ, էլի, հայերեն ասեմ»։ Հետո փնտրեցին քոլեջի ռուսերենի մասնագետին, իսկ մինչ այդ իրավիճակը փրկելու նպատակով թարգմանչի դեր կատարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ քոլեջի 80-ամյակին նվիրված միջոցառմանը զուգահեռ մայրաքաղաքից ժամանած հյուրերը մասնակցեցին նաև քոլեջի բակում մասնագիտատեխնիկական հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:
Փայլակ Ֆահրադյան
«Առաջին լրատվական»-ի Շիրակի մարզի թղթակից









































