Երևանի քաղաքապետարանի հանրակրթության բաժնի պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Երևան քաղաքում պետական մանկապարտեզների գործունեությունից, նաև նշելով, թե որոնք են ամենածանրաբեռնվածները՝ հայտնեց.
«Եթե երեխաների թիվը նախատեսվածից շատ է կամ կրկնակի է, կարելի է կես դրույքով ավելացնել աշխատողների աշխատավարձը: Ինչ վերաբերում է երեխաներին հետևելու հետ կապված բարդություններին` կախված նրանց թվից, ապա մենք պետք է վստահենք աշխատակազմի, մանկավարժների բարոյական կերպարին»:
Ս. Աչոյանը նաև նշեց, որ այն, ինչ մանկապարտեզի հետ է կապված, ապահովվում է քաղաքապետարանի կողմից:
Ինչ վերաբերում է սննդի անվտանգության ապահովմանը մանկապարտեզներում, ապա Ս. Աչոյանի խոսքով` վերահսկողություն անպայման իրականացվում է.
«Հուրախություն մեզ` հայտարարեմ, որ դեռ որևէ տխուր փաստ չենք արձանագրել այս տարի: Ժամը 10-ից մեր աշխատակիցները մանկապարտեզներում են, այն պահից, երբ սնունդը պահեստից դուրս է բերվում: Բացի այդ, կան նաև հասարակական հիմունքներով գործող հանձնախմբեր, որոնց անդամները մասնակցում են սննդի դուրսբերմանը»:
Նա նաև հավելեց, որ նայվում է պահեստներում եղած սնունդը, իսկ սննդի անվտանգության պատասխանատվությունը կրում է և՛ մատակարար ընկերությունը, և՛ վերահսկողության վարչությունը:
Ս. Աչոյանը թվարկեց սննդի որոշ տեսակներ, որոնց կիրառումը մանկապարտեզներում խստիվ արգելված է: Դրանք են` ցանկացած տեսակի երշիկեղեն, մեծ ամաններով թթվասեր և կաթնաշոռ, աղացած մսով ցանկացած ուտեստ, ջրային կենդանիների միս և այլն:










































