Կուբացի այլախոհ Օսվալդո Պայայի թաղման ժամանակ առնվազն 30 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է ամերիկյան Cafe Fuerte պորտալը:
Ձերբակալվել է 2010թ. Սախարովի անվան մրցանակի դափնեկիր, լրագրող Գիլերմո Ֆարինյասը, որը Կուբայում հայտնի է որպես քաղաքական ակտիվիստ և ընդդիմադիր:
Հուլիսի 22-ին ՃՏՊ-ի հետևանքով զոհված Օսվալդո Պայայի հուղարկավորությունը տեղի էր ունենում Հավանայում: Արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, ոմանք սկսել են բացականչել` «ազատություն», ինչից հետո ոստիկանությունը սկսել է մարդկանց ձերբակալությունները: Մարդկանց հեռացրել են և ավտոբուսներով տեղափոխել ոստիկանական բաժանմունքներ:
Ինչպես Twitter-ում գրել է Կուբայում հայտնի բլոգեր Իոան Սանչեսը, շատ ձերբակալվածների թաղումից հետո ազատ են արձակել: Ոմանք դեռ գտնվում են ոստիկանական բաժանմունքներում, այդ թվում` հայտնի քաղաքական ակտիվիստ Անտոնիո Ռոդիլեսը:
Օսվալդո Պայան համարվում էր կուբացի ամենակարկառուն ընդդիմադիրներից մեկը: Նրա մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:






































