Առևտրում Չինաստանի խարդախությանը պետք է վերջ դնել, սակայն Բարաք Օբաման ի զորու չէ դա անելու: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին:
Ռոմնին արտասահմանյան նախընտրական շրջագայություն է սկսել Մեծ Բրիտանիա, Իսրայել, Լեհաստան և պաղեստինյան տարածքներ: Շրջագայության ընթացքում Ռոմնին ելույթներ կունենա ներկայիս ամերիկյան արտաքին քաղաքականության վերաբերյալ: Իր շրջագայությունը Ռոմնին սկսել է Նևադայում, որտեղ ելույթ է ունեցել վետերանների կոնֆերանսին:
«Մենք բախվում ենք Չինաստանի ազդեցության ամրապնդման վտանգին: Չինաստանը ուշադիր է իր կառավարության շահերի պաշտպանությանը, սակայն չափազանց հաճախ չի հարգում իր քաղաքացիների իրավունքները: Չինաստանը թույլ է տալիս արտոնագրերի և մտավոր սեփականության իրավունքների խախտում, ինչպես նաև սահմանափակում է ամերիկյան ընկերությունների մուտքը շուկա և չարաշահում արժութային փոխարժեքը»,- ասել է Ռոմնին:
Ռոմնիի կարծիքով` պատճառն այն է, որ Օբաման այդ ամենին «մատների արանքով» է նայում:
Թեկնածուն առաջարկություններով ու նախաձեռնություններով հանդես չի եկել, սահմանափակվել է քննադատությամբ:








































