Ազգային ժողովում Մարտի 1-ի ողբերգական դեպքերի վերաբերյալ լսումների կազմակերպումը կարող է նպաստել, որ քննչական հատուկ ծառայությունը շարունակի քննչական գործողությունները և նոր փաստեր հավաքի: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասաց Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նպատակահարմար չէ՞ արդյոք, որ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ ԱԺ լսումներ կազմակերպվեն քաղաքական ուժերի կողմից:
Սեդա Սաֆարյանը նշեց, որ ավելի կարևոր են Հատուկ քննչական ծառայության գործողությունները: «Պետք է Հատուկ քննչական ծառայությունն անդրադառնա գործով ձեռք բերված ապացույցներին, լրացուցիչ ապացույցներ հավաքի: ԱԺ-ում բոլոր լսումները էական արդյունք չեն կարող տալ, ո՞վ է այնտեղ մասնագետ, որ մարտիմեկյան հարց լսի: Կարծում եմ այդ հարցն ավելի շատ իրավական հարթության վրա պետք է հիմնվի»,- ասաց Սաֆարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ իրենց հերթին քաղաքական գործիչները պետք է քաղաքական գնահատական տան կատարվածին: «Եթե հանրությանը հետաքրքրում են 10 զոհերի հետ կապված բացահայտումները և ընդհանրանրապես իմանալ այն, թե այդ ամբողջը կազմակերպված էր, թե տարերային բնույթ էր կրում, ուրեմն պետք է Հատուկ քննչական ծառայության քննության առարկա դառնա հարցը: Եթե մենք ուզում ենք քաղաքական գնահատական տալ այդ խայտառակ ողբերգությանը, այո, քաղաքական գնահատականներ պետք է Ազգային ժողովում քաղաքական գործիչները տան»,- ասաց նա:










































