Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանը երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին «ժողովուրդ»-ը տեղեկացել է Սուրենի մորից՝ Զվարթ Կիրակոսյանից:
«Հիշեցնենք, որ Ս. Կիրակոսյանը 2009-ի հունիսի 3-ին վատառողջ վիճակով զորակոչվել էր հայոց բանակ, ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնակամ լքել զորամասը, որի համար մեղադրվում էր դասալքության մեջ: Դրա համար նրան դատապարտել էին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Իսկ երբ կալանավորվեց, շուրջ 60 օր հացադուլի մեջ էր՝ պահանջելով բուժել իրեն: Իսկ հիմա նա պահանջում է բուժում քաղաքացիական հիվանդանոցում և քրեական գործի վերանայում»:
Կալանավորի փաստաբան Գայանե Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ այդ վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատական նիստը կկայանա հուլիսի 27-ին:









































