«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման իրաքյան մասնաճյուղի զինյալները հայտարարել են, որ իրենք պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ի «հենց սրտում»,- հաղորդում է NBC News-ը: Ահաբեկչական ցանցը տեսագրություն է տարածել, որում Աբու Բաքր Ալ-Բաղդադին հայտնում է, որ ահաբեկչական ցանցն արդեն Ամերիկա ճանապարհին է: «Մոջահերդներն արդեն շարժվում են ձեր բանակի հետքերով, որը փախուստի է դիմել: Նրանք երդվել են վրեժ լուծել ավելի դաժան ձևով, քան դա արեց Ուսաման»:
Ալ-Բաղդադին չի նշել՝ որտեղ են կոնկրետ պատրաստվում հարված հասցնել: «Առաջիկայում դուք կտեսնեք նրանց (զինյալներին.- 1in.am) ձեր երկրի հենց սրտում, քանի որ մեր պատերազմը ձեր դեմ արդեն սկսվել է»,- ասել է Ալ-Բաղդադին:
ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ Նյու Յորքը, որտեղ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո կանխվել է ավելի քան 10 ահաբեկչական գործողություն, այժմ ահաբեկիչների թիրախը չէ: FBI ներկայացուցչի խոսքերով՝ այս պահին քաղաքին ոչինչ չի սպառնում:
Գործակալները նշել են, որ ահաբեկիչների առաջնորդները բավական հաճախ են սպառնում, սակայն սպառնալիքները շատ հաճախ կեղծ են լինում:









































