Տաջիկստանում` Գորնո Բադախշանսկի ինքնավար մարզում (երկրի հարավ-արևելք), հատուկ ծառայության գեներալի սպանությանն առնչություն ունեցող զինված խմբավորման դեմ իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ, ոմանք ձերբակալվել են: Interfax-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է հանրապետության ուժային կառույցների աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` ձերբակալվածների թվում են Աֆղանստանի 5 քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, «Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
Օպերացիան շարունակվում է: Ինչպես հաղորդում է գործակալության աղբյուրը, ուժային կառույցների աշխատակիցների շրջանում տուժածներ չկան:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` աֆղանական սահմանին նկատվում է «զինվորականների կուտակում»:
Իշխանությունները զինված խմբավորմանը մեղադրում են հատուկ ծառայության գեներալ Աբդուլլո Նազարովի սպանության մեջ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` այդ խմբավորումը գլխավորում է սահմանապահ ջոկատի ղեկավարի տեղակալ, նախկին դաշտային հրամանատար Թոլիբ Այեմբեկովը:










































