Աղդամի ազատագրումը վերջնականապես կոտրեց Ադրբեջանի մեջքը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ անդրադառնալով Աղդամի ազատագրությանը:
Նա նշեց, որ Աղդամի ազատագրումը հայոց պատմության կարևորագույն նշանակություն ունեցավ: Ըստ բանախոսի՝ Աղդամը ԼՂ-ի կարևոր նշանակության վայրում էր և նշանավոր քաղաք էր, որը հետագայում կարևորագույն դերակատարություն ունեցավ:
«Աղդամ նշանակում էր «սպիտակ քաղաք»: Քաղաքի բնակչության հիմնական մաս էին կազմում հայերը, և միայն 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբին այնտեղ բնակվեցին թուրք-թաթարական տարրերը: Հետագայում ադրբեջանական հայաթափման քաղաքականության արդյունքում Աղդամը ևս հայաթափվել է:
Քաղաքը Ադրբեջանի ազգայնամոլության կենտրոնատեղին էր, և այստեղ էին կենտրոնացած հրետանային, ռազմական նշանակության պահեստները: Այդտեղ ԽՍՀՄ տարիներին ամեն ինչ կարելի էր գտնել՝ զենքի տարբեր տեսակներ և այլն: Քանի որ Աղդամը կարևոր նշանակության քաղաք էր Ադրբեջանի համար, քաղաքի ազատագրումը վճռական նշանակություն ունեցավ»,- մանրամասնեց բանախոսը:
Անդրադարձ կատարելով պատմությանը` նա նկատեց, որ Շուշիի և Խոջալուի կրակակետերը լռեցնելուց հետո ադրբեջանցիների համար փորձանք էր դարձել Աղդամը: «Շուշիի և Լաչինի միջանցքի, Բերձորի ազատագրումից հետո Լաչին-Գորիս մայրուղին բացվեց, և պատերազմում գրանցվեց արմատական բեկում:
Երկրորդ բեկումը Քելբաջարի ազատագրումն էր: Այն թշնամու ողնաշարը կոտրեց, բացվեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, և Քելբաջարով անմիջական կապ ստեղծվեց Հայաստանի հետ: Այնուհետև պատերազմում վճռական դեր կատարեց Աղդամի ազատագրումը: Թշնամին չէր մտածում Աղդամի շուրջ մեր ռազմական գործողությունների ակտիվացման մասին, կարծում էին, թե մենք մարտական գործողությունների ակտիվության այլ շրջաններ ունենք: Հենց հունիսի պաշտպանական մարտերի ընթացքում ազատագրվեց Մարտակերտը: Այն կարևոր նշանակություն ունեցավ հետագա ռազմական գործողությունների համար, որին հաջորդեց Աղդամի ազատագրումը: Արկի հարվածից զոհվեց Մոնթե Մելքոնյանը, որից հետո ռազմական գործողությունների ակտիվությոնը տեղափոխվեց Ասկերանի տարածք:
Մշակվեց Աղդամի գրավման պլանը, նախատեսվում էր այն գրավել երեք ուժերով` Վիտալի Բալասանյանի, Սամվել Կարապետյանի և Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ: Այս գրոհի արդյունքում հաջողվեց մանրակրկիտ պլանի իրագործման շնորհիվ թշնամուն ջախջախել և ազատագրել Աղդամը, որը կոտրեց Ադրբեջանի մեջքը, ինչը բարոյական մեծ հաղթանակ էր»,- պատմեց Էդիկ Մինասյանը՝շարունակելով, որ Աղդամի գրավմամբ թշնամու որջը կոտրվեց, և սկսվեց ադրբեջանցիների անկումային տրամադրությունը, որը շրջադարձային նշանակություն ունեցավ:
Ըստ պատմաբանի՝ Աղդամի գրավումը հնարավորություն տվեց կայացնել ԼՂ-ն որպես երկրորդ հանրապետություն:










































