Դերասան Ջերեմի Ռենները, որն առավելապես հայտնի է «Վրիժառուները» ֆիլմով, կարող է Wikileaks-ի մասին կինոնախագծում հանդես գալ սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դերով: Նախագիծն իրականացնում է Dreamworks ստուդիան: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ ֆիլմի հիմքում կարող է ընկած լինել WikiLeaks-ի նախագծի մասնակիցներից մեկի՝ Դենիել Դոմշեյթ Բերգ-ի «Inside WikiLeaks: My Time with Julian Assange at the World’s Most Dangerous Website» գիրքը և լրագրողներ Դեվիդ Լիի և Լյուկ Հարդինգի «WikiLeaks: Inside Julian Assange’s War on Secrecy» գիրքը:Այդ հրատարակությունների էկրանավորման իրավունքը Dreamworks-ը ձեռք է բերել 2011 թվականին: Ֆիլմի ռեժիսորը կարող է դառնալ Բիլ Քոնդոնը:
Հիշեցնենք, որ WikiLeaks պորտալի շուրջ սկանդալ հասունացավ այն բանից հետո, երբ կայքը գաղտնազերծեց ԱՄՆ դիվանագիտական ծառայությունների փաստաթղթերը: 2010-ի նոյեմբերի 29-ին հրապարակված նյութերը մեծամասամբ վերաբերում էին համաշխարհային առաջնորդներին:








































