Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Էրզինջանի (Երզնկա) Ռեֆահիե շրջանում ժանդարմերիայի զինծառայողների մեքենան պայթել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների տեղադրած ականի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել այս առավոտ՝ ժամը 06.30-ին: Ժանդարմերիայի զինծառայողները Ռեֆահիեի շրջանում վերջացրել են իրենց պարեկությունը և քաղաքացիական ավտոմեքենայով մեկնել են Սվազ (Սեբաստիա): Սակայն ճանապարհի 22-րդ կիլոմետրին նրանց մեքենան պայթել է տեղակայված ականի վրա:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող, որոնց քաղաքացիական ավտոմեքենայով փոխադրել են Էրզինջանի հիվանդանոց: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Պայթյունից հետո տվյալ տարածաշրջանում իրականացվել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ քուրդ զինյալներին հայտնաբերելու համար:









































