Skype-ի ձայնային ծառայությունն սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ: Համագործակցությունը կլինի այնքան լիարժեք, որքան դա հնարավոր է իրավական ու տեխնիկական տեսանկյունից,- հաղորդում է Security Lab-ը:
Microsoft ընկերությունը կարող է թույլատրել հատուկ ծառայություններին լսել Skype-ի օգտատերերի խոսակցությունը, ինչպես նաև մատչում տրամադրել նրանց անձնական նամակագրությանը` հետևելով իրավապահ մարմինների հետ համագործակցության «նոր» քաղաքականությանը:
Ընդ որում` Skype-ի տեսակապի ծառայության ստեղծումից ի վեր այն եղել է լուրջ խոչընդոտ իրավապահ մարմինների համար` Skype-ի օգտատերերի նկատմամբ գաղտնալսում իրականացնելու համար:
Օգտագործելով կոդավորման տարբեր մեխանիզմներ` մի քանի տարի շարունակ Skype-ը այն քիչ ծառայություններից էր, որի տվյալները գրեթե անհնար էր գաղտնալսել կամ մատչում ստանալ դրանց:
Սակայն ընթացիկ գարնանը տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Microsoft ընկերությունը փոփոխությունների է ենթարկում Skype-ը, ինչի հետևանքով իրավապահ մարմինները մատչում կստանան ծառայության օգտատերերի խոսակցություններին: Այն ժամանակ ընկերությունը հերքել էր լուրերը:










































