ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան թողել է սիրիական կոնֆլիկտը խաղաղությամբ հարթելու փորձը, գրում է The New York Times-ը` հղում կատարելով Վաշինգտոնում ունեցած աղբյուրներին:
Դրա փոխարեն ԱՄՆ-ը կմեծացնի ընդդիմադիրներին տրամադրվող օգնության ծավալները, որոնք պատրաստ են Բաշար Ասադին ստիպել պաշտոնաթող լինել:
Ինչպես նկատում է պարբերականը, ամերիկացի դիվանագետներն արդեն սկսել են բանակցություններն իրենց թուրքական ու իսրայելական գործընկերների հետ` սիրիական ներկայիս ռեժիմի տապալումից հետո:
New York Times-ի` Սպիտակ տանն ունեցած տվյալների համաձայն` այնտեղ ամեն օր տեղի են ունենում խորհրդակցություններ Սիրիայում իրավիճակի քննարկման վերաբերյալ:
Մասնավորապես քննարկվում է Իսրայելի պլանը` հարվածել քիմիական զենքով պահուստներին, եթե իրական վտանգ առաջանա, որ այն կարող է ընկնել իսլամական ծայրահեղականների, առաջին հերթին, «Հզբոլլահի» ձեռքը: Ամերիկացիները նման պլաններին չեն աջակցում` մտավախություն ունենալով, որ դա Ասադին հնարավորություն կտա իր շուրջը համախմբել սիրիացիներին` ընդդեմ «իսրայելական ագրեսիայի»:
Դրա փոխարեն ամերիկացիները պատրաստվում են օգնել ապստամբներին զինվորական հագուստով, հեռահաղորդակցության սարքավորումներով ու սովորեցնելով:
Փորձագետները ենթադրում են, որ Օբամայի ադմինիստրացիան մտադիր է օգտվել ապստամբների հաջողությունից, որպեսզի ամրապնդի դրանք ու զարգացնի նախաձեռնությունը:










































