Գյումրիում իրավիճակն աստիճանաբար լարվում է: Թվում էր, թե պետք է տեղի ունենար հակառակը, այսինքն՝ Վարդան Ղուկասյանի՝ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից հրաժարականից հետո պետք է իրավիճակը գնար դեպի հանգուցալուծում: Բայց, ինչպես ցույց է տալիս Վարդան Ղուկասյանի որդու «ինքնագործունեությունը», իրավիճակը մոտ չէ հանգուցալուծմանը և ավելի է բարդանում:
Սա վկայում է այն մասին, որ Վարդան Ղուկասյանն, ըստ էության, ապստամբության փորձ է անում: Իր հերթին, այս փորձն էլ վկայում է այն կորստի մեծությունը, որ թույլ է տալիս Վարդան Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնից իր հրաժարվելու պարագայում: Իսկ խնդիրը ի վերջո՝ քաղաքապետի պաշտոնից հրաժարումն է, քանի որ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից հրաժարումը ընդամենը դրան ուղղված առաջին քայլն է:
Այսպիսով՝ Վարդան Ղուկասյանի ըմբոստությունը վկայում է այն մասին, որ նա կորցնում է ավելին, քան քաղաքապետի պաշտոնն է: Ղուկասյանը փաստացի կորցնում է ամեն ինչ, եթե նրա որդին այդպես մոլեգնում է Գյումրիում՝ առանց վախենալու, որ կարող է դառնալ ոստիկանության թիրախ: Իսկ ոստիկանությանն էլ Սերժ Սարգսյանը կարծես թե տվել է նման դեպքերում գործելու կանաչ ճանապարհ՝ հայտարարելով, թե Հայաստանում անպատժելի մարդիկ չպետք է լինեն:
Ընդ որում, ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց Վարդան Ղուկասյանին կուսակցական հրաժարում պարտադրելուց անմիջապես առաջ՝ կարծես թե կանխագուշակելով, որ նրա որդին շատ ծանր է տանելու հոր հրաժարականն ու նաև քաղաքային իշխանությունից հրաժարվելու անխուսափելի հեռանկարը ու սկսելու է իր մոլեգնությունների հերթական ալիքը Գյումրիում: Ոստիկանությունն էլ ներկայումս երևի թե պետք է ցույց տա, թե արդյոք որքանո՞վ էին իրական և լուրջ անպատժելիության բացառման մասին նախագահի խոսքերը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու մոլեգնումների արդյունքում նախկինում մահացել են անմեղ մարդիկ, և պարզապես քանի ուշ չէ, ժամանակն է, որ կանխվի հերթական անմեղ մարդու կորուստը, որովհետև Գյումրիից ստացվող տեղեկատվական հոսքերը կարծես թե վկայում են այն մասին, որ Գյումրիում տեղի ունեցող իշխանության վերաբաշխման գործընթացները կարող են թանկ նստել որևէ անմեղ գյումրեցու կամ գյումրեցիների վրա:
Համենայնդեպս, այստեղ չափազանց կարևոր մի իրավիճակ է, որովհետև Գյումրիում տեղի ունեցողն ընդհանրապես կարծես թե դուրս է եկել կամ ի սկզբանե էլ դուրս է եղել պետական կարգի տրամաբանությունից: Այստեղ, իհարկե, զարմանալի բան չկա, որովհետև Հայաստանում ցանկացած մակարդակի իշխանության ձևավորման կամ վերաձևավորման գործընթաց գտնվում է պետական կարգի տրամաբանությունից դուրս, շրջանցում է պետական, այսինքն՝ սահմանադրական տրամաբանությունը:
Տվյալ պարագայում խնդիրը հենց այն պետք է լինի, որ գոնե այս դեպքում գործ ունենանք սահմանադրականության հետ: Այլ կերպ ասած՝ Գյումրիի իրավիճակը դառնում է ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի ինդիկատոր, հետևաբար արժե մանրակրկիտ ձևով հետևել այդ իրավիճակին՝ տեսնելու համար, թե որքանով են լուրջ թե՛ ելույթները, թե՛ սկսված գործընթացները, և ինչքան է դրանց հանրային օգտակարության գործողության գործակիցը:
Լուսանկարը` Civilnet-ի











































