Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է Պարսից ծոցում անցկացնել խոշոր քիմիական, ֆիզիկական ու երկրաբանական հետազոտություններ: Դրանք Հորմուզի նեղուցում կմեկնարկեն սեպտեմբերին: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային օվկիանոսագիտության ծառայության ղեկավար Վահիդ Չեգինին:
Վերջինիս խոսքերով, Հորմուզի նեղուցում այդ հետազոտությունները տևելու են 18 ամիս, և այդ ընթացքում կատարվելու են ծովի ջրի ֆիզիկական ու քիմիական հատկությունների և երկրաբանական պարամետրերի մասշտաբային չափումներ:
Չեգինին հավելել է, որ ցայժմ Պարսից ծոցի որևէ երկիր չի կատարել նմանատիպ հետազոտություններ, որոնց արդյունքում կարելի կլինի ուսումնասիրել Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում կատարվող փոփոխությունները:







































