Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը մտադիր է քաղաքական պայքար մղել՝ հանուն 2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում ժողովրդավարական պայմաններում նախագահական ընտրությունների անցկացման:
Դա հանդիսանալու է քաղաքական պայքարի նոր փուլում «Հասարակական պալատի» գործունեության առաջնահերթություններից մեկը: Այսպիսի որոշում է ընդունվել հուլիսի 21-ին «Հասարակական պալատի» նստաշրջանի ժամանակ: Շարժումը պլանավորել է այս աշնանը անցկացնել բողոքի զանգվածային ակցաներ՝ պահանջելով երկրում ձևավորել նախընտրական ժողովրդավարական մթնոլորտ:
Ընդդիմության կարծիքով՝ ընտրությունների համար ազատ, արդար ու ժողովրդավար պայմաններ ձևավորելու համար անհրաժեշտ է ազատ արձակել 70 քաղբանտարկյալներին, ապահովել ազատ հանրահավաքների անցկացումը, ԶԼՄ-ներում, այդ թվում՝ նաև հեռուստատեսությունում ու ռադիոյում քաղաքական այլակարծությունը, բարեփոխել Ընտրական օրենքսգիրքը՝ ներառյալ ընտրական հանձնաժողովների կազմի փոփոխությունները:
Ընդդիմությունն ընդգծում է, որ եթե ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ առաջադրի իր թեկնածությունը, ապա դրանով իսկ կստեղծվի ընտրությունների անցկացման համար անարդար միջավայր: «Հասարակական պալատը» մտադիր է Ադրբեջանի տարբեր շրջաններում ընդլայնել իր մասնաճյուղերը:











































