Այսօր՝ հուլիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 12.45-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով մի քաղաքացի է տեղափոխվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, News.armeniatv.com-ին հայտնել է, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի և ավագ քննիչ Արմեն Կավեյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Նոր Նորք 1-ին զանգվածի Նանսենի փողոցի 5/2 շենքի բնակիչ 52-ամյա Ռուստամ Արաբյանն է, ով հրազենային վնասվածքն ստացել է ձախ ոտքի շրջանում: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ռ. Արաբյանը մասնագիտությամբ թիթեղագործ-ներկարար է և իր արհեստանոցն ունի Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցի վրա գտնվող նախկին բազալտի գործարանի հարակից տարածքում:
Պարզվել է, որ կրակոցները հնչել են Ռ. Արաբյանի նշված արհեստանոցում, որտեղ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել և առգրավել է 3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և մեկ հատ 7.62 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ: Կրակոցներից մեկ ժամ առաջ , Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Արաբյանի և մի քանի հոգու միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից մեկ ժամ հետո վիճաբանողները վերադարձել և կրակոցներ են արձակել:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժողը վիրահատվել է, և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնել է, որ հիվանդանոցում հավաքված քաղաքացիներն իրեն հայտնել են, որ կրակոցներն արձակել են ՀՀ Գլխավոր դատախազության նախկին դատախազ Լեռնիկ Շահբազյանի որդիներն ու նրանց ընկերները և հուսով են, որ Ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում կհայտնաբերի նրանց, և մեղավորները, անկախ նախկին և ներկա պաշտոնից ու դիրքից, պատասխանատվության կենթարկվեն։







































