Պարզվել է այսօր Արարատի մարզում վթարի հետևանքով մահացած և վիրավոր անձանց ինքնությունը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ հիվանդանոց էին տեղափոխվել «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի 11 MM 901 համարանիշի վարորդ, 23-ամյա Սիրանույշ Տեր-Թադևոսյանը, ուղևորներ, 25-ամյա Լիլիա Հակոբյանը և 26-ամյա Ստելա Յուզբաշյանը: 3-ն էլ տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն:
Իսկ մահացածը ուղևոր, 26-ամյա Սառա Գալստյանն էր:
Գ. Շամշյանը հայտնել է, որ Լ. Հակոբյանն ու Ս. Յուզբաշյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով մահացած Ս. Գալստյանը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ազգականն էր, և մասնագիտությամբ՝ վարդահար:
Ավելի վաղ News.armeniatv.com-ը հայտնել էր, որ այսօր` հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18.00-ի սահմաններում «Ֆոլցվագեն Պասատ» մակնիշի 11 MM 901 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարի հետևանքով մի հոգի մահացել է, ևս 3-ը տեղափոխվել էին Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ավտոմեքենայի վարորդը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ Սիրանուշ Տեր-Թադևոսյանը, ով երիտասարդ աղջիկ է: Ավտոմեքենայում եղել է 3 ուղևոր, ովքեր ևս երիտասարդ աղջիկներ են եղել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը ` քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Վազգեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Արշակ Թարվերդյանը:
Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ ավտովթարից հետո վիրավորներին առաջին օգնությունը ցույց են տվել այդտեղով անցնող պատահական մարդիկ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի










































