Շիրակ Կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը shirakcentre.org կայքում անդրադարձել է Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններին:Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
Գյումրին նախկինում հայտնի էր որպես մշակութային քաղաք: Հասկանալի է` այստեղ են ծնվել հայ ազգի մեծ թվով արժանավոր զավակներ: Սակայն վերջին տասնամյակում և մինչև օրս Գյումրիում իրական տեր ու տնօրենը քրեական խաժամուժն է, իսկ գյումրեցիները, համենայնդեպս 99 տոկոսը, նրանց խոնարհ ծառան:
Հիմա, որ մի փոքր շանս է ստեղծվել ապաքրեականացնելու քաղաքը, համենայնպես ինձ համար անսպսելիորեն մի խումբ ներկա ու նախկին գյումրեցիներ սկսեցին բողոքել… ու պարզ չէ, թե ինչ են ուզում: Եթե կարելի է հասկանալ, բայց չներել այլ երկրներ արտագաղթած գյումրեցիներին, որոնք կարծես պատճառ են փնտրում արդարացնելու իրենց հեռանալը, ամենևին չեմ կարողանում հասկանալ Հայաստանում բնակվող այս կարգի գյումրեցիներին:
Իրոք չեմ հասկանում` առանց կրիմինալի կյանք չունե՞ ն, թե ՞ իրոք ուզում են, որ Վարդան Ղուկասյանը մնա. թող պարզ ասեն հասկանանք, ինչպես ես պարզ ասում եմ, որ ողջունում եմ Գյումրիում իշխանափոխությունը: Կարծում եմ` նույնիսկ ընդդիմախոսներս Սամվել Բալասանյանին քրեական կամ քրեականների հետ մոտ լինելու մեջ հաստատ չեն մեղադրի:
Հասկացեք, ի սեր Աստծո. այս պահին ամենակարևոր խնդիրն է քաղաքի ապաքրեականացումը, որի հնարավորությունը մոտ է, քան երբևէ, իսկ դա կարող է արվել միայն այս ճանապարհով:
Հիմա հազար վատ բաների կողքին այս իշխանություններն ուզում են մի դրական քայլ անել` ի ՞նչ, դեմ դուրս գանք` որ ի՞նչ: Շարժվենք որքան վատ` այնքան լավ սկզբունքո՞վ….
Վերջում ևս մեկ հարցի պատասխան: Շատերը այս օրերին ինձ ու նաև Լևոն Բարսեղյանին հարցնում են, թե ինչու չենք առաջադրվում քաղաքապետի թեկնածու: Տալիս եմ պատասխանը. այս պահին մենք պարզապես չէինք կարող հաղթել… ուստի ամենակարևոր խնդիրը մնում է քաղաքի ապաքրեականացումը, իսկ դա կարող էր արվել միայն այս ճանապարհով:











































