Հայկական պետհամարանիշերով բեռնատարներն առաջիկա ամիսներին կկարողանան բեռնափոխադրում իրականացնել Թուրքիայի տարածքով: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Թուրքիայի տարածքով վերջին 3-4 տարում տրանզիտ բեռներ գալիս են ՀՀ, ինչը նախկինում արգելված էր, և ռուսական կամ եվրոպական մեքենաները չէին կարող գալ Հայաստան:
«Այսօր բեռնատարները գալիս են միջազգային TIR համակարգով: Այժմ խոսքը հայկական համարանիշերով բեռնատարների մասին է: Եթե նախկինում մենք ավտոպարկ չունեինք ու մտահոգված չէինք, այսօր ունենք միջազգային փոխադրում իրականացնող բավականին ձեռնարկություններ, և ուզում ենք անցնել նրանց տարածքով»,- ասաց Ա. Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այդ դեպքում երկրների մեջ սահմանվում են քվոտաներ` թե ինչքան մեքենա կարող է մտնել: Մեր խնդիրը միջպետական կապ չունենալն է, վարորդը աշխատանքային վիզա չունի: Ղազարյանը հայտնեց, որ անցած տարի Անկարայում լոբբիստական կազմակերպության հետ հանդիպումներ կազմակերպվեցին և պարզվեց, որ թուրքական կողմը 200 մեքենայի թույլտվություն տվել էր 2011-ի համար, և եթե դա սպառեինք, ավելին կստանայինք:
«Աշխատանքային վիզաների հարցը մեր լոբբինգի հիման վրա հանգեց նրան, որ այսօր թուրքական կառավարությունը թույլատրում է, որ հայ վարորդը Վրաստանի դեսպանատանը վիզան ստանա և անցնի: Ի վերջո, այդ մեքենաները Վրաստանի տարածքով են մտնում: Այս հարցը կարծես իրավական կարգավորում է ստանում, նույնիսկ այս պայմաններում»,- նշեց Ղազարյանը:
Առաջիկայում նախատեսվում է մի քանի չվերթ կազմակերպել, բայց, ըստ նրա, ոչ ոք չի ուզում ռիսկն իր վրա վերցնել, որ լրացուցիչ մի քանի 100 դոլար կարող են տուժել: Այսօր բեռնափոխադրումների հիմնական տրաֆիկը Լարսով է անցնում, բայց այս հարցը կսրվի ձմռանը, երբ եղանակի պատճառով անցակետը փակվի, ու կարիք կլինի Թուրքիայով գնալ, իսկ Տրապիզոնից լաստանավով՝ ՌԴ:
«Չմոռանանք, որ այսօր մենք Ստամբուլից, որպես տրանզիտ նավահանգիստ, բեռներ ստանում ենք: Եվ եթե պետք է նորից մտնենք Վրաստան, մենք այդտեղ էական չենք օգտվելու: Երբ խոսում ենք մեր հիմնական տրաֆիկի մասին, այն ընկերությունները, որ մեր շուկայում մրցակցում են և սերվիս են մատուցում, Տրապիզոն չեն մտնում, իրենց մեծ նավերը դատարկվում են Ստամբուլում, Մերսինում: Եթե երկաթգիծը բացվեր, որ Տրապիզոնից գալիս է Գյումրի, դա ուրիշ հարց է: Բայց եթե հայ-թուրքական սահմանը չեն բացում, իմաստ չունի, օգուտ չենք ստանա»,- ասաց Ա. Ղազարյանը` միաժամանակ նաև ողջունելով Լարսի հատվածում թունելի կառուցման վրացական կողմի մտադրությունը, ինչը լուրջ ներդրումային ծրագիր է:










































