Ամերիկյան Ավրորա քաղաքի իշխանությունների ներկայացուցիչները շաբաթ օրը հրապարակել են կինոթատրոնում տեղի ունեցած հրաձգության 12 զոհերի անունները. ցուցակում է եղել նաև 6-ամյա մի աղջիկ:
«Հաստատվել է զոհվածների ինքնությունը: Բոլոր դեպքերում մահվան պատճառը հրազենային վերքերն են»,- լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքերով` զոհվածների հարազատներն արդեն տեղյակ են:
Ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ Century 16 Movie կինոթատրոնում «Սև ասպետ. լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ անհայտ անձը մտել է կինոթատրոն, արցունքաբեր գազով սրվակ նետել և կրակ բացել հանդիսատեսի ուղղությամբ: Արդյունքում զոհվել էր 12 մարդ, վիրավորվել 58-ը, որոնցից 11-ի վիճակը ծանր է:










































