Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հրաժարվել է ընդունել նախընտրական քարոզարշավի ընթացքում ժամանակավորապես նախագահի պաշտոնից հրաժարվելու ընդդիմության պահանջը: Ընտրությունները Վենեսուելայում տեղի կունենան հոկտեմբերին:
«Այժմ «Դեմոկրատական գործունեության» ներկայացուցիչները խնդրում են ինձ ժամանակավորապես հեռանալ նախագահի պաշտոնից, դա խոսում է նրանց հուսահատության մասին, քանի որ նրանց թեկնածուն ոչ մի բանի պիտանի չէ»,- գրել է Չավեսը Twitter-ի իր էջում:
2012թ. հոկտեմբերի 7-ին Վենեսուելայում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Ըստ փորձագետների՝ հաղթելու առավել մեծ հնարավորություն ունի հենց գործող նախագահը: Նրա մրցակիցը կլինի ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսը: Այժմ, ըստ սոցիոլոգիական հարցումների, Չավեսը զգալիորեն գերազանցում է նրան:
Չավեսին ժամանակավորապես լիազորությունները վայր դնելու առաջարկով դիմել էր «Դեմոկրատական գործունեություն» կուսակցության գլխավոր քարտուղար Էնրի Ռամոսը՝ առաջարկելով նրան ամբողջությամբ կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա:








































