Մարդիկ ձգտում են հումանիտար մասնագիտություններին, բայց տնտեսության զարգացումը միայն զարգացած ինժեներիայով է ապահովվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը` անդրադառնալով դիմորդների անհամաչափ բաշխվածությանն այս կամ այն ֆակուլտետներում:
Ռեկտորի դիտարկումներով` դիմորդները ձգտում են հումանիտար, հասարակագիտական մասնագիտություններին, իսկ դրա փոխարեն այսօր լեռնարդյունաբերությունը ծավալային աշխատում է, մակարդակ է պահանջվում, որն ինժեներով կարելի է տալ: Ըստ նրա` առաջին հերթին մտածելակերպն է պատճառը, որն իներցիայով դեռ շարունակվում է:
«Եթե մյուս ոլորտում հաստատ աշխատանք չկա, իսկ այդ ոլորտում կա աշխատանք, այստեղ չեն դիմում, իսկ որտեղ որ ակնհայտորեն աշխատանք չկա և երկար ժամանակ ավելցուկ կադրեր են լինում, էլի գնում են այնտեղ: Խնդիրն ի՞նչ է, մտածելակերպինը: Դա աստիճանաբար կփոխվի, բոլորն էլ կհասկանան, որ գիտելիքահենք տնտեսություն, զարգացող տնտեսություն ունենալու համար զարգացած ինժեներիա է պետք»,- մանրամասնեց Արա Ավետիսյանը`շարունակելով, որ տնտեսության զարգացումը, աճը միայն զարգացած ինժեներիայով, լավ կադրերով, ստեղծող կադրերով կարելի է ապահովել, քանի որ ստեղծող բազան ինժեներիան է, գյուղատնտեսությունն է:
Նրա խոսքով` այս մասնագիտությունների տեր մարդկանցով է, որ պետք է ստեղծվի, այստեղ միշտ աշխատատեղի, կադրի պահանջ է լինում և արդեն կա: «Ասում են, որ ցանկանում են լեզվի մասնագետ դառնալ: Լեզվի մասնագետները լեզվաբաններն են, լեզվագետները, որպես լեզվի մասնագետ տարեկան 10-20-նն են մեզ անհրաժեշտ, այլ հարց է լեզվի իմացության խնդիր լուծելը, լեզվի իմացության խնդիր կարելի է լուծել այս կամ այն մասնագիտությունն ունենալով և լեզվին լավ տիրապետելով, որպես ուսուցիչ էլի լեզվի իմացության և մեթոդիկայի, հոգեբանության իմացություն է, սա էլ է մասնագիտություն, մանկավարժի մասնագիտություն և փայլուն լեզվի իմացություն»,- նշեց Արա Ավետիսյանը` հավելելով, որ այս ոլորտում տեղերը սահմանափակ են:











































