ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կազմել է Աֆղանստանի հանքերի քարտեզը: Սա աշխարհում առաջին երկիրն է, որի օգտակար հանածոները նկարահանվել և վերլուծվել են օդից: Տեղեկությունները հավաքվել են երկրի մակերևույթի վրա լույսի արտացոլման վերլուծման ճանապարհով:
BBC-ի փոխանցմամբ` ձյունը և բուսականությունը կլանում են լույսը, ինչն էլ հնարավորություն է տվել կազմելու քարտեզը: Այն միավորում է տվյալները, որոնք ստացվել են 440 հազար կմ քառակուսի տարածքի (երկրի տարածքի 70 տոկոսը) ավելի քան 800 միլիոն կետից:
Աֆղանստանը հարուստ է օգտակար հանածոներով` թանկարժեք մետաղներով, բերիլիումով, լազուրիտով, ցելեստինով և բարիտով: Սակայն դրանց արդյունահանումը սահմանափակ բնույթ է կրում, քանի որ բազմաթիվ հանքավայրեր գտնվում են հեռավոր լեռնային շրջաններում:
2010 թվականին Աֆղանստանի հանքալեռնաարդյունահանման նախարարությունը երկրի բնական պաշարները գնահատել էր 1 տրիլիոն դոլար:








































