Կոլորադո նահանգի կինոթատրոնում ահաբեկչության կասկածյալի բնակարանում հայտնաբերվել են մի քանի ականներ, մասնագետներն այժմ փորձում են դրանք չեզոքացնել: Այդ մասին այսօր տեղեկացրել է տեղի ոստիկանությունը:
Օրինապահ մարմինները նշել են, որ ականներն ունեն բարդ համակարգ: Բացի այդ՝ դրանք պարունակում են անսովոր նյութեր: Ավրորա քաղաքի ոստիկանության պետ Դանիել Օուտսը տեղեկացրել է, որ ականների սխեման այնքան էլ պարզ չէ, և թե ինչքան ժամանակ կխլի չեզոքացումը, անհայտ է: Այդ տան բնակիչներն այս պահին տարհանված են:
Նախորդ գիշեր Ավրորա քաղաքի կինոթատրոնում անհայտ անձը կրակոցներ է բաց թողել Batman նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Օրինապահ մարմինների ներկայացրած տվյալների համաձայն՝ զոհվել է 12 մարդ, մոտավորապես 50-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է Си-эн-эн հեռուստաալիքը, Պենտագոնի տեղեկացմամբ` զոհվածների մեջ կա ԱՄՆ-ի զինծառայող:









































