Մեծ Բրիտանիան դատապարտել է ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի և Չինաստանի կողմից վետոյի կիրառումը Սիրիայի վերաբերյալ բանաձևի նկատմամբ: Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ այս կերպ Ռուսաստանը և Չինաստանը մեջքով են շրջվում դեպի Սիրիայի ժողովուրդը:
Հինգշաբթի օրը Ռուսաստանը և Չինաստանն օգտվելով վետոյի իրավունքից` դեմ են քվեարկել Մեծ Բրիտանիայի կողմից առաջադրված առաջարկին, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Սիրիայի:
Ռուսական բանաձևը հանվել էր քվեարկությունից:
«Մեր կարծիքով՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից այս բանաձևի արգելափակումն աններելի և չարդարացված է: Երբ գալիս է բռնությունը դադարեցնելու մասին հայտարարությունը կյանքի կոչելու ժամանակը, նրանք մի կողմ են քաշվում: Նրանք մեջքով են շրջվել դեպի սիրիացի ժողովուրդը՝ այս մռայլ ժամին »,- ասել է Հեյգը:
Առաջարկված բանաձևի արգելափակումից հետո դիվանագիտական աղբյուրը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան նոր ծրագիր է մշակում, ըստ որի՝ Սիրիայում դիտորդների աշխատանքը երկարաձգվելու է 30 օրով:






































