Այսօր՝ հուլիսի 19-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է երեկ՝ հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին:
Ինչպես Վանաձորից News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ կատարողը Վանաձոր քաղաքի բնակիչ 39-ամյա Կոնստանտին Սահակյանն է, ով Երևանյան խճուղի թիվ 117 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 58-ամյա Ավթանդիլ Կիրակոսյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ Ա. Կիրակոսյանը Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ էր:
Վանաձորի բնակիչները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթ կատարածը մասնագիտությամբ ատամնաբույժ է, իսկ նրա հայրը ոստիկանական համակարգում երկար տարիներ աշխատել է որպես քննիչ:
Ոստիկանության նշված ծառայությունների աշխատակիցներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները հայտնաբերել են նաև «Օպել Վեկտրա» 20 ՍՕ 774 համարանիշի ավտոմեքենան, որով կատարվել էր վրաերթը:
Լոռու մարզի քննչ բաժնի քննիչ Համազասպ Միսկարյանի որոշմամբ Կ. Սահակյանը ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Գ. Շամշյանը հայտնել է նաև, որ իր տեղեկություններով Կ. Սահակյանը ամուսնացած էր և ուներ երկու երեխա՝ տղա և աղջիկ:
Փաստի առթիվ քննիչ Հ. Միսկարյանի կողմից հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործմնան կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:








































