Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանը հրաժարվել է թույլ տալ երկիր մուտք գործել վրացի ընդդիմադիր միլիարդատեր, Ֆրանսիայի քաղաքացի Բիձինա Իվանիշվիլիի անվտանգությունն ապահովող ֆրանսիական պահապան ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի մամլո քարտուղար Մայա Պանջիկիձեն:
Վերջինիս խոսքերով՝ Վրաստան են ուղևորվել անվտանգության երկու աշխատակից, որոնցից մեկին, առանց որևէ բացատրության, թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Պանջիկիձեն հավելել է, որ դա միտումի է վերածվել, քանի որ օրեր առաջ արգելվել էր այդ ընկերության սեփականատիրոջ ու տնօրենի մուտքը:
«Վրացական երազանքը» այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին ու ՆԳՆ-ին, սակայն դեռ պատասխան չի ստացել: Նշվում է, որ վերջին շրջանում, Բիձինա Իվանիշվիլիի կյանքի անվտանգության հետ կապված, նրա թիկնազորում ներառում են արևմտյան մասնագետների: Ավելի վաղ նշվում էր, թե թիկնազորում սկսել են աշխատել անվտանգության ոլորտի ամերիկացի փորձագետներ:











































