«Դալմայի այգիների հողօգտագործողները, որոնք այսօր պայքարում են իրենց հողակտորների փոխհատուցման համար, այգիները մշակել են 1951 թվականից: ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքի համաձայն` եթե 10 տարուց ավելի մարդը հող է մշակել, բարեխղճորեն պահել, հարկերը մուծել, ուրեմն նաև այդ հողակտորի սեփականատերն է համարվում: Այսօր մեր երկրում օրենքները չեն հարգվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սոնա Դալմա» ՀԿ ղեկավար Ռուզաննա Ղազարյանը` անդրադառնալով իրենց պահանջներին:
Ըստ Ռուզաննա Ղազարյանի` հողօգտագործողներից մի մասի փոխհատուցումը տվել են, իսկ մյուսներինը` ձգձգում են, մինչդեռ այդ մարդիկ արդեն տարեց են, որոշները հիվանդացել են, մարդ է եղել, որ այս ընթացքում մահացել է:
«Մենք արդեն չենք հավատում խոստումներին, թե կզբաղվեն այս հարցով, մարդիկ փոխհատուցում են պահանջում իրենց մշակած այգիների դիմաց, իրենց չարչարանքի դիմաց, իրենց հասանելիք հողամասի դիմաց, ինչը նախագահն ասել է, որ պետք է տրվի, պարզապես շատ ձգձգվում է: 10 տարի է փոխհատուցման հարցն ուժի մեջ է: Անցած տարվա վերջին նախագահը կարգադրեց, բայց շատ դանդաղ են աշխատում, մի մասին տվել են, իսկ մյուս մասին՝ դեռ ոչ»,- մանրամասնեց Ռուզաննա Ղազարյանը` հավելելով, որ պետության կողմից հողերը վաճառվել են գնորդներին մի քառակուսի մետրը 40 դոլարով, բայց հիմա Դալմայի այգիների հողօգտագործողներին իրենք առաջարկում են փոխհատուցում մեկ քառակուսի մետրի համար մինչև 10 դոլարի սահմաններում: Ռուզաննա Ղազարյանի խոսքով` այդ «մինչև» բառը մարդկանց սթրեսի մեջ է գցում, քանի որ մարդ կա՝ առաջարկում են 10 դոլարով, իսկ մարդ կա՝ առաջարկում են 2-2,5 դոլարով, ինչը բնականաբար մարդկանց մոտ դժգոհություն է առաջացնում:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Դալմայի այգիների հողօգտագործողները ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի մոտ իրենց հասանելիք փոխհատուցման մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու և հիշեցնելու նպատակով: «Նախագահականի մոտ ակցիա ենք անցկացնում հողօգտագործողների փոխհատուցումն ապահովելու համար, իսկ կառավարության շենքի մոտ` էկոլոգիական հարցերի համար: Այս այգում խնդիրները տարբեր ասպեկտներ ունեն, այսօր մենք անցկացրել ենք ակցիա` պահանջելով հողօգտագործողների փոխհատուցումը»,- պարզաբանեց Ռուզաննա Ղազարյանը:








































