Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Բաթումում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին: Հանդիպման ժամանակ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ճանապարհին ամենահուսալի գործընկերներից է.
«Թուրքիան հաստատապես աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության երաշխիքը, և Թուրքիան ամեն ինչ անում է, որ դա տեղի ունենա մոտ ժամանակներս:
Թուրքիան միջազգային բոլոր ֆորումներում հստակ ֆիքսել է իր աջակցությունը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության օգտին: Այդ սկզբունքային դիրքորոշումը կշարունակվի նաև հետագայում»:
Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան մշտապես օգնել է Վրաստանին և անգամ 2008 թվականից հետո, երբ շատերը երես էին թեքել մեզանից, և մեզ համար ծանր շրջան էր. «Հենց այդ ժամանակ էլ Թուրքիան մեզ օգնեց բանակաշինության ու ճգնաժամից դուրս գալու հարցերում: Թուրքիան Վրաստանի մեծ բարեկամն է, և դա մշտապես է հաստատում: Մենք շնորհակալ ենք Թուրքիային՝ մեզ աջակցելու և բանակաշինության հարցում օգնելու համար»:
Իսմեթ Յըլմազի վրացական այցն ավարտվել է երեկ:








































