Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը դատապարտել է ահաբեկչությունը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաքում, գրում է Ria Novosti-ն:
Մահապարտ ահաբեկիչը չորեքշաբթի օրը Դամասկոսի Ռոուդա կենտրոնական շրջանում ազգային անվտանգության ծառայության շենքում պայթեցրել է իրեն, որտեղ տեղի էր ունենում անվտանգության ծառայության ղեկավարության և սիրիական կառավարության նախարարների համատեղ ժողովը:
Մահապարտը, ով ըստ նախնական տեղեկությունների աշխատել է Բաշար Ասադի անձնական պահակախմբի համակարգում, պայթեցրել է իր մարմնի վրա ամրացված պայթուցիկը:
«Դամասկոսում բարձրագույն զինվորական անդամների և պաշտոնատար անձանց դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը ընդգծում է ՄԱԿ ԱԽ և Քոֆի Անանի խաղաղ ծրագրի իրականացմանը հետևելու միջազգային հանրության փոխհամաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքերով՝ «առաջնահերթ պետք է դադարեցնել բռնությունը և բոլոր կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավել»:
Պայթյունի արդյունքում զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջխան, նրա տեղակալը, Սիրիայի ռազմական հետախուզույան նախկին ղեկավար Ասեֆ Շաուկատը, ինչպես նաև փոխնախագահի ռազմական գործերով տեղակալը, հակաճգնաժամային շտաբի ղեկավար Հասան աթ-Թուրկմանին և Սիրիայի հետախուղական ծառայության հետաքննության ապարատի ղեկավար, նախագահ Բաշար Ասադի հորեղբոր տղա Խազիֆ Մախլյուֆը: Տուժել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում նաև երկրի ՆԳՆ ղեկավար Մուհամեդ աշ-Շաարը:
Դամասկոսում պայթյունը տեղի է ունեցել այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» հայտարարությունների ֆոնի վրա, որը նախօրեին հայտնել էր, որ ռազմական գործողություններ է սկսել երկրի մայրաքաղաքում:






































