NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ բրիտանական Զարգացման ոլորտում հետազոտման ինստիտուտը հայտարարել է, որ Իրանի գործողությունները կարող են հանգեցնել բնապահպանական աղետի: Բրիտանացի փորձագետները նշում են, որ Իրանը կասեցնում է դեպի Իրաք գետերի հոսքը, ինչն էլ բնապահպանական աղետի վտանգ է առաջացնում՝ հաշվի առնելով նաև կլիմայի փոփոխությունները:
Al-Arabiya-ն իր հերթին նկատում է, որ վերջին 4 տարիներին Իրանը կասեցրել է Ալվանդ գետի հոսքը, որով սնվում էին Իրաքի արևելյան շրջանները: Դրա հետևանքով կորստյան էր մատնվել ոռոգվող հողերի 10 տոկոսը, մի շարք կուլտուրաների բերքատվությունը կրճատվել էր 80 տոկոսով, իսկ գյուղմթերքի որակը զգալիորեն վատթարացել էր:
Նշվում է նաև, որ Իրանը գետերի մեջ է ուղղում կեղտաջրերը, որով և անդառնալի վնաս է պատճառում ջրամբարների ֆաունային ու ֆլորային: Բացի այդ, Իրանն օգտագործում է Տիգրիսի արևելյան վտակների ջրերը, ինչի հետևանքով Իրաքում խմելու ջրի ծավալը կրճատվել է 20 տոկոսով:










































