«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանությունները քննարկում են աշնանը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը: Պատճառն այն է, որ գործող իշխանությունները ցանկանում են կանխել մինչև հերթական նախագահական ընտրությունները հնարավոր անկանխատեսելի զարգացումները:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանություններն արտահերթ ընտրությունների անցկացման համար միայն մեկ բացասական գործոն են տեսնում: Բանն այն է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում Սերժ Սարգսյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, և մինչև ընտրությունների անցկացումը երկրի կառավարումը Սահմանադրությամբ սահմանված 40 օրյա ժամկետով պետք է փոխանցվի երկրորդ դեմքին, տվյալ դեպքում` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ իշխանության ներսում վստահության պակաս կա, ուստի չի բացառվում, որ արտահերթ նախագահական ընտրությունների գնալու դեպքում, Սերժ Սարգսյանը ստիպված լինի կրկին փոփոխություններ կատարել ԱԺ ղեկավար կազմում:
Նշենք, որ ըստ Սահամանադրության՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա վարչապետը:










































